Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում

Սրտանոթային հիվանդությունները մահացության և հաշմանդամության պատճառ հանդիսացող հիվանդությունների թվում առաջին տեղն են գրավում: Ըստ վիճակագրական տվյալների՝ ընդհանուր բնակչության մահացության կառուցվածքում առաջին տեղում սրտանոթային համակարգի հիվանդություններն են՝ կազմելով 48 տոկոս: Վերջին տարիներին նկատվում է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացում:

Այս ամենը հաշվի առնելով մասնագետները հորդորում են` հետագա բարդություններից խուսափելու համար ժամանակին հետազոտվել: Ի վերջո հիվանդությունը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Ամենատարածվածն ամբողջ աշխարհում այսօր սրտի իշեմիկ հիվանդությունն է (պսակաձև անոթների աթերոսկլերոզ), որի հաճախ հանդիպող բարդություններից է սրտային անբավարարությունը։ Հայաստանում հասուն տարիքի քաղաքացիների 50 տոկոսի մոտ առկա են սրտի իշիեմիկ հիվանդություններ:

Վերջերս լայն տարածում ունի նաև զարկերակային հիպերտոնիան, որը հաճախ հանգեցնում է այնպիսի լուրջ բարդությունների, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը և ինսուլտը:

Ինսուլտի կանխարգելում

Ինսուլտի կանխարգելման համար կարևոր է հետազոտությունը, հատկապես այն մարդկանց համար, ովքեր տառապում են հաճախակի գլխացավերից, սրտխառնոցից, թուլությունից: Ռիսկի խումբ մտնող անձիք պետք է դիմեն բուժհաստատություններ և անցնեն համապատասխան հետազոտություն, հատկապես, որ ժամանակակից ախտորոշիչ սարքավորումները հնարավորություն են տալիս ճիշտ ախտորոշել և հայտնաբերել ինսուլտի առաջացման պատճառները:

Այսօր ինսուլտի կանխարգելման մի շարք միջոցներ կան: Կանխարգելման միջոցներից մեկն էլ հանդիսանում է էնդարտերէկտոմիան: Էնդարտերէկտոմիան վիրահատություն է, որի ընթացքում քնային զարկերակների միջից հեռացվում են աթերոսկլերոտիկ գոյացությունները, որոնք նեղացնում են զարկերակները և խանգարում են արյան հոսքին։

Այս տարվա հունվարից «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայությունը, որի ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը իրականացնում է էնդարտերէկտոմիա:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վիրաբույժն ասաց, որ ինսուլտների 80 տոկոսը կազմում է իշեմիկ ինսուլտը, որը առաջանում է քնային զարկերակների նեղացման կամ դրանց պաթոլոգիական ծռվածության պատճառով: Նեղացման հետևանքով առաջանում են գլխուղեղի արյան շրջանառության հեմոդինամիկ սուր խանգարումներ կամ տրոմբ, որի պատճառով անոթները խցանվում են, քնային զարկերակի պատին առաջանում է աթերոսկլերոտիկ վահանիկ, որի արդյունքում արյան հոսքը դանդաղում է (երբեմն լրիվ խցանվում) դեպի գլխուղեղ, ինչի հետևանքով ուղեղի բջիջները ստանում են պահանջվածից քիչ քանակությամբ թթվածին և գլյուկոզա: Դա բերում է ուղեղի բջիջների թերի ֆունկցիայի կամ այդ բջիջների մահվան: Այս դեպքում, ըստ Մ.Շատախյանի, ինսուլտից հնարավոր չէ խուսափել:

Վիրաբույժը նշեց, որ կովկասցիների մոտ մեծ տարածում ունեն սիրտ-անոթային հիվանդությունները` ինֆարկտն ու ինսուլտը: Ինսուլտի ամեն մի երրորդ ելք ավարտվում է մահացությամբ, իսկ մնացածը` հաշմանդամությամբ:

«Մեր նպատակն է իրականացնել պրոֆիլակտիվ վիրահատություն, որպեսզի հիվանդը ինսուլտ չտանի: Այս վիրահատությունը հատկապես կարևոր նշանակություն ունի այն մարդկանց համար, ովքեր մեկ անգամ արդեն իսկ ինսուլտ են տարել: Ինսուլտի վերականգնումից հետո հիվանդը պետք է ստուգվի, եթե վիրահատության կարիք կա, ապա պետք է վիրահատվի, որպեսզի խուսափի երկրորդ ինսուլտից, քանի որ այն լինում է ավելի չոր, կոշտ և ծանր հետևանքներով»,- ասաց Մ.Շատախյանը` հավելելով, որ վիրահատել են նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդերի, որոնց գլխի անոթների մի մասը փակ է եղել, կամ 90 և ավելի տոկոս նեղացում է ունեցել:

Ինչպես ներկայացրեց վիրաբույժը, ներկայումս քնային զարկերակների հետազոտման հիմնական մեթոդներից մեկը ուլտրաձայնային հետազոտությունն է: Այն կարող է որոշել քնային զարկերակի նեղացման աստիճանը՝ արյան արագությունը չափելու միջոցով (Դոպպլեր): Անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան կիրառվում է անոթներում արյունահոսքի խանգարումները հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունն անցկացվում է գլխի, պարանոցի անոթների ուսումնասիրման համար: Համարվում է, որ եթե քնային զարկերակը նեղացած է 50 և ավելի տոկոս, վիրահատական միջամտությունը անհրաժեշտ է, որպեսզի հետագայում կանխարգելվի ինսուլտը:

Վիրահատության ընթացքում պարանոցի վրա կատարվում է փոքր` 5 սմ կտրվածք, բացվում է զարկերակը և հեռացվում է անոթի նեղացած հատվածը:

«Բաց վիրահատության առավելությունը այն է, որ անմիջապես տեսնում ենք նեղացած հատվածի երկարությունը: Հազվադեպ դեպքերում անոթը պրոթեզավորում ենք, բայց 99 տոկոս դեպքերում հեռացվում է միայն անոթի ներքին պատը»,- ասաց Մ.Շատախյանը:

Ըստ վիրաբույժի` վիրահատությունը հիմնականում կատարվում է տեղային անզգայացմամբ, ինչը լավագույն եղանակն է, քանի որ վիրահատության ժամանակ շփվում են հիվանդի հետ, նա կատարում է բժշկի հրահանգները, ինչից պարզ է դառնում, որ հիվանդի մոտ վիրահատությունը հարթ է ընթանում: Լինում են դեպքեր, երբ վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ` կապված հիվանդի ցանկությունից կամ անատոմիական առանձնահատկություններից: Սովորաբար վիրահատությունը տևում է 1-1,5 ժամ, իսկ 2-3 օր հետո հիվանդը գնում է տուն:

Վիրահատությունը կատարվում է ցանկացած տարիքային խմբում, սակայն նման խնդիրներ սովորաբար ունենում են 40-ից հետո:

Մեր հիվանդները հիմնականում 50 անց են»,- ասաց նա:

Տղամարդկանց մոտ ինսուլտի զարգացման վտանգը մի փոքր ավելին է, քան կանանց մոտ։ Սակայն ժամանակակից հետազոտությունները վկայում են այդ ցուցանիշների հավասարման մասին։

Ն.Շատախյանի խոսքերով` Հայաստանում այս վիրահատությունը շատ քիչ է կատարվում, մինչդեռ, օրինակ` Ռուսաստանում նման վիրահատությունները մեծ թիվ են կազմում, քանի որ մարդիկ հասկանում են` տվյալ վիրահատությունը ոչ միայն երկարացնում է իրենց կյանքը, այլ նաև խուսափում են հնարավոր այլ բարդություններից: Բացի այդ, Ռուսաստանում սրտանոթային վիրահատությունները իրականացվում են պետպատվերի կամ բժշկական ապահովագրության միջոցով:

Մ.Շատախյանն ասաց, որ վեց ամսվա ընթացքում իրենց կենտրոնում կատարել են երեք տասնյակից ավելի վիրահատություն: Սակայն վիրաբույժը վստահ է, որ նման հիվանդները մեծ թիվ են կազմում: Հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը, Մ.Շատախյանը գտնում է, որ նման վիրահատությունները պետք է իրականացվեն պետպատվերի շրջանակում: Ներկայումս բանակցություններ են վարվում այս վիրահատությունը սոցիալական փաթեթում ընդգրկելու շուրջ: Նշենք, որ վիրահատության արժեքը կազմում է 900 հազար դրամ:

Մ.Շատախյանի խոսքերով` այսօր Հայաստանում ինսուլտի դեմ տարեկան 3-4 հազար պրոֆիլակտիկ վիրահատության կարիք կա, եթե պետությունն այս ուղղությամբ ֆինանսական աջակցություն տրամադրի և վիրահատությունների մի մասն իր վրա վերցնի, ապա մեծ թվով մարդկանց կյանքեր կփրկեն և մահացության ցուցանիշն էլ կնվազի:

«Ի վերջո, սա մարդկանց կյանքը երկարացնող վիրահատություն է և ազգի պահպանման խնդիր է լուծում, ուստի չի կարելի այս ամենն անտեսել: Սակայն որքան էլ դժվար լինի, մենք պետք է անենք մեր գործը և կյանքեր փրկենք»,- ասաց վիրաբույժը:

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում առկա է նաև վստահության խնդիր: Մարդկանց մեծամասնության կարծիքով Հայաստանում իրականացվող վիրահատություններն իրենց որակով զիջում են արտերկրում կատարվողներից: Մինչդեռ, ըստ նրա, դա թյուր կարծիք է. «Մենք ունենք լավ մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են տարբեր հեղինակավոր կլինիկաներում և պատրաստ են ցանկացած բարդության վիրահատություն կատարել»:

Ինչ վերաբերում է ինսուլտի պատճառներին, ապա դրանք կապված են նաև մեր ապրելակերպի, ինչպես նաև վնասակար սովորությունների հետ` ծխելը, ալկոհոլի չարաշահումը, նստակյաց կյանքը: Ինսուլտի պատճառ կարող է լինել ժառանգականությունը, սթրեսը, ինչպես նաև մի շարք այլ հիվանդություններ` շաքարային դիաբետ, զարկերակային բարձր ճնշում, խոլեստիրին բարձր քանակություն:

Այդուհանդերձ, վիրաբույժը նկատեց, որ վիրահատել են նաև առողջ ապրելակերպ վարող մարդկանց: Այստեղ ռիսկի գործոն է համարվում ժառանգականությունը կամ սթրեսը:

Վիրաբույժ Մեսրոպ Շատախյանի խորհուրդը մեկն է` յուրաքանչյուր մարդ 50-ից հետո իր առողջության նկատմամբ պետք է առավել ուշադիր լինի, անգամ եթե գանգատներ չունի: Իսկ դրա համար անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվել: Իսկ արդեն մեկ անգամ ինսուլտ տարած մարդիկ անպայման պետք է անցնեն պարանոցային անոթների հետազոտություն և, եթե կա խնդիր, ապա պետք է խնդրին արագ լուծում տրվի: Եթե առկա է քնզարկերակի նեղացում` 50 և ավելի տոկոս, ապա պետք է խորհրդակցել վիրաբույժի հետ, քանի որ գալիս է մի պահ, որ հաբ կուլ տալն այլևս չի օգնում:

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը