Մխիթարյանի հետքերով. Դավիթ Մելքոնյան

Երբ մարդը ձգտում է իր նպատակներին, երբ նվիրված է և ոչնչի առաջ կանգ չի առնում, արդյունքները սպասեցնել չեն տալիս: Գաղտնիք չէ, որ այսօր միլիոնավոր երեխաներ աշխարհի տարբեր անկյուններում ապրում ու շնչում են ֆուտբոլով: Ոմանք մարզվում են, պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար, մյուսներն անպայման որոշել են դառնալ աշխարհահռչակ ու հայտնի ֆուտբոլիստներ, մյուսներն էլ մտադիր են անցնել մարզաձևի իրենց սիրելի կուռքերի անցած ճամփով:

Դավիթ Մելքոնյանն այն երեխաներից է, ում համար ոգեշնչման աղբյուր է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դավիթն էլ կիսապաշտպան է ու արդեն խաղում է Մոսկվայի «Սպարտակ-2»-ում: Իր առաջ մեծ նպատակներ է դրել ու հաստատակամ քայլերով շարժվում է առաջ:

Դավիթը ծնվել է 2007 թ. դեկտեմբերի 14-ին, առաջին քայլերն արել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հետո ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան և ֆուտբոլային ուղին նա շարունակում է «Սպարտակ-2»-ում: Հանդես է գալիս նաև տեղի «Ֆյուչերս» ակումբում` միաժամանակ այցելելով ԲԿՄԱ-ի աթլետիկայի դպրոց: Սովորում է գերազանց և այս ամենը համատեղելով… չի հոգնում:

«Իհարկե, դժվար է համատեղելը, բայց ես աշխատում եմ հասցնել, քանի որ իմ առաջ նպատակ եմ դրել դառնալ հայտնի ֆուտբոլիստ: Սկզբում բարդ էր, բայց հիմա սովորել եմ այդ տեմպին: «Սպարտակ-2»-ում մարզվում ենք շաբաթը 7 օր: Թիմի կազմում մասնակցել եմ Մոսկվայի ձմեռային և ամառային առաջնություններին, դարձել եմ 5 գոլի հեղինակ»,- Sport.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը:

Դավիթի ընտանիքն ապրում է Մոսկվայում: Ամառային արձակուրդներին ժամանել են Հայաստան: Մարզավիճակը չկորցնելու համար փոքրիկ ֆուտբոլիստն ամբողջ ընթացքում մարզվել է ֆուտբոլի ակադեմիայում: Թեև պայմանները «Սպարտակում-2»-ում ավելի նպաստավոր են, բայց Դավիթին դուր է գալիս Հայաստանն ու հայաստանյան ֆուտբոլային անցուդարձը:

«Այստեղ շաբաթական մարզվում ենք 2 անգամ: Շատ եմ ցանկանում մնալ ու մարզական կարիերաս շարունակել Հայաստանում, սակայն պետք է վերադառնամ Մոսկվա: Եթե գա ժամանակն ու ընտրության առաջ կանգնեմ` Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի հավաքական, միանշանակ կընտրեմ Հայաստանի հավաքականը»,- ասաց Դավիթը:

Այստեղ եղած ժամանակահատվածում Դավիթ Մելքոնյանը հասցրել է նաև ներկա լինել Հայաստանի հավաքականի հանդիպումներից մեկին, երբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին ընկերական խաղ անցկացրեց Սենթ Քիթս և Նևիսի ընտրանու հետ:

«Ուրախ էի, որ կարողացա ներկա լինել հավաքականի խաղին և ականատես դառնալ մեր ընտրանու 5:0 հաշվով տոնած հաղթանակին: Կցանկանայի, որ հետագայում էլ մեր թիմը հաղթեր նման հաշիվներով: Սիրում եմ հետևել Հենրիխ Մխիթարյանի խաղին, և նրա պես կցանկանայի ապագայում հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» նման հեղինակավոր ակումբում: Ինձ դուր է գալիս նաև Արազ Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի խաղը: Ցավոք, վերջինս չի հրավիրվում ազգային թիմ: Իսկ արտասահմանցի ֆուտբոլիստներից սիրում եմ Լիոնել Մեսսիին»,- ասաց ֆուտբոլիստը:

Ռուսաստանում եղած ժամանակ հնարավորության սահմաններում Դավիթը հետևում է Հայաստանի հավաքականի խաղերին և ընդհանրապես, ցանկացած ֆուտբոլային մրցաշար իր համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում: Ֆուտբոլի նկատմամբ սերը գալիս է նաև ընտանիքից: Հայրը` Արմեն Մելքոնյանը, փոքրուց զբաղվել է ֆուտբոլով, սակայն նախկինում ֆուտբոլը մասնագիտություն համարելը Հայաստանում այնքան էլ հեշտ չէր:

Դավիթի մայրը` Լիանա Ավետիսյանը, որդու հետ միասին հետևում է ֆուտբոլային հանդիպումներին, ցավում տղայի պարտություններով, ուրախանում հաջողություններով: Դավիթի եղբայրը` Ռաֆայելը, ժամանակին մարզվել է «Բանանցի» ակադեմիայում, սակայն չի շարունակել ֆուտբոլով զբաղվել: Իսկ իր առաջին երկրպագուհուն Դավիթը համարում է 5-ամյա քրոջը` Դիանային, ով մեծ ոգևորությամբ հետևում է իր մրցավեճերին և խաղերի շամանակ շարունակ գոռում «Գոլ»:

«Ֆուտբոլից բացի չեմ պատկերացնում ինձ որևէ այլ մարզաձևում: Ուզում եմ այս ասպարեզում հասնել հաջողությունների: Պատրաստ եմ աշխատել ու քրտնաջան մարզվել` որքան հնարավոր է, որպեսզի հասնեմ իմ նպատակին»,- պատմեց Դավիթը:

Երբ ռուսական դպրոցում մարզվող փոքրիկ ֆուտբոլիստն ավելի մեծ ոգևորությամբ խոսում է հայկական ֆուտբոլի մասին, հասկանում ես, որ խնդիրն ակադեմիան չէ ու ոչ էլ տեղի պայմանները, այլ Հայաստանի նկատմամբ սերը: Նման դաստիարակությամբ ու սեփական հայրենիքի նկատմամբ սիրով լցված ֆուտբոլիստը հետագայում, վստահ ենք, չի մոռանա իր արմատները և ընտրության դեպքում միանշանակ նախապատվությունը կտա Հայաստանի հավաքականին, ինչպես ասում է: Իսկ մինչ այդ Դավիթին դեռ մեծ աշխատանք է սպասվում, ծանր մարզումներ ու երկար ճանապարհ, որը, իր իսկ խոսքերով, պատրաստ է հաղթահարել ու հասնել իր բաղձալի նպատակին:

Հեղինակ` Հռիփսիմե Ղազարյան

Լրահոս

[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը