Միքայել Միքայելյան. «Մեծ հպարտություն զգացի, երբ հայտարարվեց «Արմենիա»

Փետրվարի 13-ին ձմեռային Օլիմպիական խաղերում կմեկնարկեն հայ դահուկորդները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի Միքայել Միքայելյանը, իսկ կանանց մրցումներում հանդես կգա Կատյա Գալստյանը: Հայ դահուկորդները ներկայումս Օլիմպիական մրցուղիներում նախապատրաստվում են իրենց մեկնարկներին ու լի են մեծ ցանկությամբ բարձր արդյունքների հասնելու համար:

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը մեծ ափսոսանք է ապրում, որ Օլիմպիական խաղերին վնասվածքի պատճառով չի մասնակցում ավագ որդին՝ Սերգեյ Միքայելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
«Սերգեյն Օլիմպիական խաղերում կարող էր աննախադեպ բարձր արդյունքի հասնել, քանի որ արդեն մեծ փորձ ունի և լավ արդյունքներ էր ցույց տալիս»,- ասել է Արթուր Միքայելյանը:

Կրտսեր որդին՝ Միքայել Միքայելյանը, առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին ու շատ երիտասարդ է: Բայց նրա մարզումներից զգացվում է, որ Միքայելը նույնպես անելու է ամեն ինչ բարձր արդյունքների հասնելու համար: Օլիմպիական խաղերի բացման արարողությունում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը նշել է.

«Ես մեծ հպարտություն զգացի, երբ հայտարարվեց «Արմենիա» և մենք մտանք մարզադաշտ: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ Օլիմպիական խաղերին ու անելու եմ հնարավորը` լավ արդյունքի հասնելու համար: Միակ խնդիրն այն է, որ դեռևս լիովին չեմ հարմարվել ժամային գոտուն, բայց մինչև մեկնարկ, կարծում եմ, այդ խնդիրը կլուծվի»:

Կատյա Գալստյանը նույնպես ակտիվ մարզումներ է անցկացնում Օլիմպիական վազքուղիներում: Ի տարբերություն իր թիմակցի, Կատյան Օլիմպիական խաղերի մասնակցության փորձ ունի: «Սոչի-2014»-ում հայ  դահուկորդուհին 64-րդ տեղն էր զբաղեցրել դասական ոճով` 10 կմ մրցատարածությունում: Հիմա նա համոզված է, որ բարելավելու է իր ցուցանիշը.

«Պարզ է, որ Օլիմպիական խաղերում հանդես են գալու շատ ուժեղ դահուկորդուհիներ ու շատ դժվար է բարձր տեղ զբաղեցնելը: Բայց, ինչպես բոլորը, ես էլ եմ ուզում հպարտանալ իմ արդյունքով ու ամեն ինչ անելու եմ հայ երկրպագուներինի ուրախացնելու համար»,- ասել է Կատյան:

Անկեղծ ասած, ոչ ոք հայ դահուկորդներից մեծ արդյունքներ չի ակնկալում: Սակայն մեր երկու մարզիկներն էլ նշում են, որ Փհենչհան  չեն ժամանել միայն Օլիմպիական նշանաբանով: Կարևորը միայն մասնակցությունը չէ, շատ կարևոր է նաև հետք թողնել Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Իսկ դա կարելի է անել միայն լավ արդյունքով: Ահա այսպես միաբերան նշում են մեր հավաքականի երկու դահուկորդները՝ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստայանը: Իսկ թե ինչքանով կհաջողվի պատմություն գրել, կհասկանանք մոտակա օրերին:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը