Բարեղամ Հարությունյան. «Հոգեբանորեն ինձ ոչ ոք չի կարող կոտրել»

Սիրողական բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 52 կգ քաշային կարգում հանդես եկող Բարեղամ Հարությունյանը բազմաթիվ միջազգային մրցաշարերում բարձր է պահել Հայաստանի պատիվը` դառնալով հաղթող ու մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկի համար, սակայն, անհասանելի է մնացել Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը:

Գրեթե ամեն տարի մասնակցելով մարզաձևի հայաստանյան առաջնությանը, Բարեղամը բազմաթիվ անգամներ տեղ է գտել լավագույն եռյակում, սակայն պատվո հարթակի առաջին հորիզոնականը մնացել է բաղձալի երազանք: Այս` 2018 թ.-ին, բռնցքամարտիկը կփորձի նվաճել նաև այդ տիտղոսը, բայց դա կլինի վերջին փորձը: Sport.panorama.am-ի հետ զրույցում Բարեղամ Հարությունյանը խոսեց իր անցած ուղու, ներկայի ու ապագա ծրագրերի մասին, գնահատեց մարզաձևի վիճակը Հայաստանում:

«18 տարի զբաղվում եմ բռնցքամարտով, հանդես եմ եկել բազմաթիվ միջազգային մրցաշարերում, գրավել եմ մրցանակային տեղեր: Ամեն ինչի հասել եմ սեփական քրտինքով: Մի քիչ հիաթափված եմ, որ 18 տարվա փորձիս հետ մեկտեղ ոչ մի անգամ չեմ դարձել Հայաստանի չեմպիոն, սակայն ոչ ոքի մեղադրել չեմ ցանկանում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների, թիմակիցներիս հետ հիանալի հարաբերություններ եմ պահպանում, և դա ամենակարևորն է»,- ասաց բռնցքամարտիկը:

Բարեղամ Հարությունյանն առաջին քայլերը կատարել է Արարատում` 1999 թ.: Առաջին մարզիչները եղել են Նորայր Ֆահրադյանը, Աբրահամ Մրջումյանը և Արթուր Գրիգորյանը: 2003 թ.-ից մարզումները շարունակել է Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում: Դժվարությունների հանդիպել է մշտապես, սակայն դրանք բոլորն էլ իր համար հաղթահարելի են եղել: Այդպիսինն է սպորտը, պետք է լինել ոչ միայն ուժեղ մարմնով, այլև հոգեպես:

«2005 թ. առաջին անգամ դարձել եմ Հայաստանի մրցանակակիր: Թեթև քաշային կարգում եմ հանդես եկել` 39 կգ, սակայն կարողացել եմ մենամարտել 46 կգ քաշային մարզիկների հետ ու մրցանակ նվաճել: Այդ տարվանից սկսած մինչ 2013 թ. մասնակցել եմ Հայաստանի առաջնություններին, հետո մեկնել Իսպանիա: Շարունակել եմ մարզվել ու մրցաշարերի մասնակցել արդեն Իսպանիայում: Մեկ տարվա ընթացքում հաղթել եմ Իսպանիայի չեմպիոն Ֆրանսիսկո Տորի Ջոնսին, դարձել Իսպանիայի չեմպիոն:

Մրցելույթներ եմ ունեցել նեոպրոֆեսիոնալ բռնցքամարտում, այստեղ տոնել եմ երկու հաղթանակ: Հետո վերադարձել եմ Հայաստան և շարունակել եմ հանդես գալ հայրենիքում: Մասնակցել եմ Վաչիկ Մկրտչյանի մրցաշարին, դարձել եմ երրորդ մրցանակակիր: Ապա հանդես եմ եկել Հայաստանի 2015 թ. առաջնությունում, որտեղ հասել եմ եզրափակիչ և գրավել եմ երկրորդ տեղը: 2017 թ. նոյեմբերին հռչակվել եմ Լիտվայի Վիտալի Կարպաչիաուսկոյի անվան միջազգային մրցաշարի չեմպիոն»,- պատմեց մարզիկը:

Լիտվայի մրցաշարից հետո Բարեղամ Հարությունյանը մասնակցել է Ֆինլանդիայում կայացած մրցաշարին ու դարձել բրոնզե մեդալակիր: Այնուհետև ևս մեկ միջազգային մրցաշար տեղի է ունեցել Հունգարիայում, ապա մեկնել է Գերմանիա, որտեղ ընկերական հանդիպումներ է անցկացնել:

«Գրեթե բոլոր մրցաշարերին մասնակցել եմ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ: Գերմանիայում ինձ նկատել են և հնարավորություն ընձեռել տեղի լիգաներին մասնակցելու: Տեսնենք, ինչպես կստացվի: Մինչ այդ կմեկնեմ Լատվիա, որտեղ կկայանա հերթական միջազգային մրցաշարը:

Ներկայումս մարզվում եմ Արման Հարությունյանի և Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ: Այս տարի վերջին անգամ կմասնակցեմ բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությանը, և եթե կրկին անգամ չհաջողվի չեմպիոնի կոչումը նվաճել, ապա դա կլինի իմ վերջին փորձը: Հուսանք, այս անգամ իմ հաղթանակները կմնան ինձ»,- ասաց մարզիկը:

Գնահատելով մարզաձևի վիճակը Հայաստանում` Բարեղամ Հարությունյանը նշեց, որ զարգացման միտում և նախադրյալներ կան, ունենք լավ մարզիչներ և մարզիկներ, ովքեր հոգատար են բռնցքամարտի նկատմամբ և առաջընթաց գրանցելու համար ամեն բան արվում է:

Մարզական կարիերայի ավարտի մասին 28-ամյա բռնցքամարտիկը չի մտածում: Ապագայում իրեն մարզչի կարգավիճակում չի տեսնում, քանի որ այդ մասնագիտությունն իր համար չէ, թեև չի բացառում, որ կարող է անհատական մարզումներ անցկացնել: Բարեղամն ունի նպատակներ, որոնք պատրաստվում է իրագործել:

«Հոգեբանորեն ինձ ոչ ոք չի կարող կոտրել: Ես այնքան կամքի ուժ և ձգտում ունեմ, որ կհասնեմ իմ նպատակներին: Ես ոչ մեկին չեմ զիջում, կշարունակեմ մարզումներս, կհասնեմ իմ երազանքին, որն է` մասնակցել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, որից հետո անցում կկատարեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ»,- ասաց Հարությունյանը:

Բռնցքամարտիկն ավելացրեց, որ հատկապես այս շրջանում կարևորը վնասվածքներիս խուսափելն է, քանի որ առջևում «Տոկիո-2020»-ն է: Միջազգային մրցաշարերին մասնակցելով կփորձի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ապագան:

Հեղինակ` Հռիփսիմե Ղազարյան

[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը