Ամերիկացի փորձառու մրցավար Ջեկ Ռայսը բացատրել է, թե ինչու չի դադարեցրել դեկտեմբերի 1-ին Լոս Անջելեսում Թայսոն Ֆյուրիի և Դեոնթեյ Ուալդերի միջև կայացած մենամարտը, երբ 12-րդ ռաունդում բրիտանացին երկրորդ անգամ նոկդաունի է ենթարկվել: Ռայսը նշել է, որ Ֆյուրին քիչ հարվածներ էր ստացել և լուրջ ոչինչ չկար, իսկ նման մենամարտերում որոշումներ կայացնելիս շտապելը խելամիտ չէ: Նշենք, որ մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի հաշվով:
«Մեծ կարևությամբ մենամարտ էր, որոշվում էր աշխարհի չեմպիոնի ճակատագիրը գերծանր քաշային կարգում, ուստի որոշում կայացնելիս չշտապեցի և հնարավորություն տվեցի Ֆյուրիին: Նա այնքան էլ շատ հարվածներ բաց չէր թողել և նոկաուտի եզրին չէր, հենց այդ պատճառով էլ սպասելը ճիշտ էր: Միշտ նախընտրում եմ սպասել, եթե կա նման հնարավորություն, որպեսզի հետո ինքս ինձ չմեղադրեմ շտապողականություն դրսևորելու համար:
Ծնկի եկա, ամբողջ ընթացքում նայում էի Ֆյուրիի աչքերի մեջ, ուզում էի լիովին կառավարել իրավիճակը: Եթե բրիտանացին մինչ այդ շատ հարվածներ ստանար և ես տեսած չլինեի, որ առաջին նոկդաունից հետո նա շատ թեթև բարձրացավ, ապա միանգամից կդադարեցնեի մենամարտը: Ժամանակ չէի ձգում, բայց անում էի այն, ինչը ճիշտ էի համարում»,- ասել է մրցավարը: