Ազատ ոճի հայ ըմբիշներն սկսել են նախապատրաստությունը

Նոր մրցաշրջանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների (գլխավոր մարզիչ` Հաբեթնակ Կուրղինյան) և երիտասարդական (ավագ մարզիչ` Ավետիք Վարդանյան) հավաքականների համար սկսվեց Ծաղկաձորում` հունվարի 7-ին: Ավելի քան 40 մարզիկ համատեղ մարզումներով աստիճանաբար բարելավում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը:

Ուսումնամարզական հավաքի ղեկավարները առավել նպատակային են համարում դահուկավազքը: Ազատ ոճայինները հաճույքով են սահում, հաղթահարում վերելքներն ու վայրէջքները, բարելավում դիմացկունության որակները: Նրանք արդեն բավականին վստահ են զգում դահուկների վրա և անցնում են երկար տարածություններ:

Մարզիչները թիմերին ուղեկցում են նաև մարզոցներով հագեցած ֆիզպատրաստականության մարզադահլիճ: Մասնագետներն առայժմ մրցագորգերից և փորձնական գոտեմարտերից հեռու են պահում սաներին, որպեսզի նրանք կարոտեն ըմբշամարտին: Ամեն ինչ կատարվում է երկանգամյա պարապմունքները նպատակին ծառայեցնելու համար:

Հունվարի 20-ին ըմբիշները կվերադառնան Երևան և տեղում կշարունակեն աշխատանքները: Առաջին ստուգատեսը գլխավոր թիմի համար Թեհրանում փետրվարի 7-ին մեկնարկելիք Թախտիի գավաթ անվանումով միջազգային ավանդական մրցաշարն է: Ավարտից հետո հնարավոր է, որ մեր պատվիրակները տեղացիների հետ համատեղ մարզումներ անցկացնեն:

Նախապես կազմված ծրագրով ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանի գլխավոր ընտրանին լավ մասնակցություն ունենա Բուխարեստում ապրիլի 8-14-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Հավանաբար, թիմը համալրեն երիտասարդական մրցումներում հաջողությունների հասած մարզիկները:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը